Բաքուն և Կիևը կարող են համատեղ արտադրություն սկսել ռազմարդյունաբերության ոլորտում երրորդ երկրներում հետագայում իրացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Գլադկովսկին:
Գլադկովսկին աշխատանքային այցով եղել է Ադրբեջանում, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր:
«Մեր երկրները ռազմական ոլորտում համատեղ մշակումների բավարար փորձ ունեն համատեղ նախագծեր իրականացնելու համար ոչ միայն ներքին օգտագործման, այլ նաև արտաքին շուկայի համար»,-ասել է նա, հայտնում է Նովոստի Արմենիան:
Նա նշել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը պետք է ակտիվացնեն շփումները ռազմարդյունաբերության համալիրի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համար:
«Ադրբեջանը կարևոր և հեռանկարային գործընկեր է Ուկրաինայի համար ռազմատեխնիկական գործակցության ոլորտում: Վստահ եմ, որ մեր ոլորտների ներուժը թույլ կտա աշխատել գործակցության զարգացման ճանապարհով, հատկապես, ավիաշինության ոլորտում»,-ասել է Գլադկովսկին:
2016-ի հուլիսին հայտարարվեց, որ ուկրաինական ԱՆ-178 ինքնաթիռները կհավաքեն Ադրբեջանում: