24 ապրիլի 2017 - 18:10 AMT
Ստամբուլում իրավապահներն արգելել են Ցեղասպանության հիշատակի միջոցառումը

Ստամբուլում թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել, որ մետրոյի հարակից տարածքում «Առերեսվիր ցեղասպանության հետ» խորագրով հիշատակի միջոցառում անցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարել ոստիկանության հետ միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, բայց ապարդյուն, թուրքական Alevinet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նրանց տեղեկացրել են, որ «վերևից ստացած հրահանգով չեն կարող թույլ տալ հիշատակի միջոցառում անցկացնել»: Այնուհետև հավաքվածները «Մի մոռացիր», «Թույլ մի տուր, որ մոռացվի», «Ցեղասպանությունը չի ավարտվել, քանի դեռ առերեսում չի եղել» գրություններով պաստառներ են ծածանել և ուղևորվել դեպի ԺԴԿ կուսակցության շենք, որտեղ էլ անցկացվել է միջոցառումը:

Ելույթ է ունեցել ԺԴԿ Շիշլի համայնքի կառույցի անդամ Մելիս Թաթանը, որը նշել է, որ ցեղասպանությունը 1915 թվականին չի ավարտվել. «Նրանք, ովքեր թուրք և սուննի մահմեդական չեն եղել, կամ ատելության հողի վրա ոչնչացվել են, կամ աքսորվել»:

Ցեղասպանությունը շարունակվում է Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի և Մարիցա Քյուչուքի սպանություններով, դրանց իրական պատասխանատուներին չդատելով և իրականությունը քողարկելով»:

Ելույթ է ունեցել նաև հայկական «Նոր Զարթոնք» նախաձառենության խոսնակ Նորայր Օլգարը: Նա նշել է, որ հայերից հետո ցեղասպանությունը շարունակվել է քրդաբնակ նահանգներում: Օլգարը պատմության հետ առերեսվելու կոչ է արել՝ նշելով. «Որպեսզի մարդիկ կրկին չտեղահանվեն, պետությանը կոչ ենք անում 102 տարի անց գոնե առերեսվել անցյալի իրողությանը: Առանց առերեսման չի լինի խաղաղություն: Ցեղասպանությունից տուժածներն ամեն տեղ են»:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Կարդացեք նաև՝ Պետերբուրգում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ Չեռնոգորիայում