29 ապրիլի 2017 - 10:40 AMT
ՀՀ-ում կբեմադրվի «Թամանյան» դիվիզիայի մարտերից մեկը՝ Հաղթանակի օրվա առթիվ

Մայիսի 9-ին լրանում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 72-ամյակը: Հաղթանակի օրվա առթիվ Հայաստանում առաջին անգամ կիրականացվի «Թամանյան» դիվիզիայի մարտերից մեկի վերակերտումը:

Մայիսի 3-ին՝ ժամը 13-ին, Մայր Հայաստան թանգարանի դիմաց 40 ուսանող և զինվորական մոտ մեկ ժամով հանդիսատեսին կտեղափոխեն 1940-ականներ՝ հագուստի, զենքի և այլ հնարքների միջոցով կառուցելով պատերազմական իրականությունը:

Սա, Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանի խոսքով, երիտասարդների դաստիարակության հարցում նշանակալից միջոցառում է, գրում է Yerkirmedia.am-ը:

Միջոցառմանը նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից են ներկա լինելու: Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանի խոսքով, հնարավոր է՝ միջոցառումը ավանդական դառնա և հաջորդ անգամ վերակերտվի Արցախյան ազատամարտի կամ միջնադարյան հայտնի իրադարձության որևէ դրվագ:

Հայերը մեծ դերակատարում են ունեցել հայրենական հաղթանակի գործում: