6 նոյեմբերի 2007 - 16:55 AMT
Սերգեյ Միրոնով. «Առաջիկայում ես ծրագրում եմ ակտիվացնել «կովկասյան քառյակի» աշխատանքը»
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ, «Սպռավեդլիվայա Ռոսիյա» (Արդար Ռուսաստան) կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը ծրագրում է առաջիկայում վերսկսել այսպես կոչված խորհրդարանական «կովկասյան քառյակի» աշխատանքը, որի մեջ մտնում են ՌԴ, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարները: «Օբյեկտիվ պատճառներով մեր քառյակի աշխատանքներում ընդմիջում էր»,- հայտարարել է նա:

Նրա խոսքերով, երեքշաբթի սենատորները քննարկել են ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ միջխորհրդարանական համագործակցության հարցերը եւ ռուսական խորհրդարանի վերին պալատի գործունեության հիմնական ուղղությունները 2008 թվականին ժամանակակից աշխարհի խորհրդարանական դիվանագիտության նպատակների հարցով: «Ես երախտապարտ եմ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին հստակ զեկույցի համար, որում նկարագրել է ամենախնդրահարույց հարցերը եւ հստակ ցուցադրել է խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները Ռուսաստանի շահերի առաջխաղացման համար միջազգային ասպարեզում»,- նշել է Միրոնովը:

Ինչպես ճշտել է Միրոնովը, Դաշնության խորհրդում նման հանդիպումն անցկացվում է յոթերորդ անգամ: «Խորհրդարանական դիվանագիտություն» տերմինը մեր երկրի միջազգային հարաբերությունների համակարգում վերջին ժամանակներում համեմատաբար ակտիվացել է, խորհրդարանական դիվանագիտությունը դարձել է երկրի ընդհանուր դիվանագիտության կարեւոր բաղկացուցիչ մասը», վստահ է խոսնակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: