4 մայիսի 2017 - 12:43 AMT
Ֆեյսբուքում այսուհետ կարելի է մեկնաբանություններին տարբեր կերպ արձագանքել

Ֆեյսբուք սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս օգտատերերին ավելի վաղ արված մեկնաբանությանն արձագանքել 6 տարբեր էմոցիաներից մեկով:

Այժմ «Հավանում եմ» (Like) ավանդական կոճակից բացի, սոցցանցի օգտատերերը կարող են նաև օգտագործել սեր, ծիծաղ, զարմանք, տխրություն և բարկություն արտահայտող սմայլեր: Այս կամ այն էմոցիայով մեկնաբանությունը նշելու համար հարկավոր է կուրսորը բերել «Հավանում եմ» կոճակի վրա և մյուս արձագանքները ևս կհայտնվեն, գրում է The Verge-ը:

Նոր գործառույթն արդեն հասանելի է ոչ միայն ֆեյսբուքի համակարգչային տարբերակի օգտատերերին, այլ նաև սոցցանցի բջջային հավելվածից օգտվողներին:

Ֆեյսբուքը լրացուցիչ զգացմունքներ արտահայտող կոճակների նորամուծություն արեց 2016-ի փետրվարին: Մինչ այդ ընկերությունը մեկ տարի հետազոտություններ էր իրականացնում՝ որոշելու համար, թե որ զգացմունքներն են մարդիկ առավել հաճախ ցանկանում կիսել: 2017-ի մարտի վերջում նորամուծությունը հայտնվեց Facebook Messenger-ում: