Հարևան երկրի ագիտպրոպն «իր երևակայության դաշտում կրկին հաղթական մարտեր» է ծավալել հայկական զորքերի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով ադրբեջականան ԶԼՆ-ների հրապարակումներին:
«Այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այն է, որ տարածվող տեղեկություններն իրենց անգրագիտությամբ ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլև բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն»,- գրել է Հասրաթյանը:
Մայիսի 7-ին ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, իբրև թե հայկական կողմի հետ գործակցող և հետախուզական նյութեր փոխանցող քաղաքացիականների և զինվորականների խումբ են հայտնաբերել և վնասազերծել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: