8 մայիսի 2017 - 12:37 AMT
Սառնաղբյուրում 5 աղբաման է տեղադրվել՝ ՀԿ-ի նախագահին ծննդյան նվերների փոխարեն

Մայիսի 7-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի երիտասարդների կողմից համայնքում տեղադրվել է 5 նոր աղբաման՝ համայնքի աղբահանության խնդիրը թեթևացնելու նպատակով:

Սառնաղբյուրի «Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Այվազյանը դեռևս 2015-ին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով բոլոր ընկերներին իր ծննդյան օրվա նվերների փոխարեն, նվիրատվություն անել նախաձեռնության համար, որպեսզի ձեռք բերվեն աղբամաններ:

«Նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ ընկերներիս շրջանում: Կարծում եմ՝ ծնունդը նշելու ամենալավ տարբերակը ծննդավայրիս համար ինչ-որ կարևոր և մնայուն գործ անելն է: Համոզված եմ՝ համայնքում աղբն աղբամաններում թափելու մշակույթը նույնպես կզարգանա բնակիչների շրջանում և կհայտնվեն այլ մարդիկ ևս, ովքեր կփորձեն ինչ-որ բան փոխել իրենց ծննդավայրում», - նշում է Այվազյանը:

Չնայած համայնքում պարբերաբար աղբահավաք մեքենա է շրջում, սակայն աղբահանության խնդիրը արդիական է և հրատապ լուծման կարիք ունի, քանի որ աղբի հիմնական մասը թափվում է սելավատարները, գետն ու հայտնվում ջրամբարում, որը ծառայում է ոռոգման համար: