ՀՀԿ նախընտրական շտաբը մեկնաբանել է ԵԼՔ դաշինքի տարածած, դաշինքի անդամների խոսքերով, Արաբկիրում ՀՀԿ գրասենյակների մերձակա աղբից գտած փաստաթղթերի հրապարակումը:
Հերքելով կուսակցության հետ փաստաթղթերի որևէ առնչությունը, ՀՀԿ շտաբը հայտարարում է, որ «գնահատում է ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը»:
«Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ: Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը: Ներկայացված նյութերի իրական ծագումը և միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով», - նշվում է հայտարարությունում: