7 հունիսի 2017 - 09:51 AMT
ԱՄՆ գլխավորած կոալիցիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին

ԱՄՆ գլխավորած կոալիցիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայում՝ թիրախավորելով նախագահ Բաշար Ասադի կողմնակից ուժերին:

Կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է սիրիական բանակի 2 զինծառայող, ավելի քան տասնհինգը վիրավորվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Չնայած նախկին զգուշացումներին, ռեժիմի ուժերը մտել են նախօրոք համաձայնեցված ապառազմականացման շրջան»,- նշված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ խոսքը տանկերի, ծանր տեխնիկայի, զրահակիրների մասին է:

Վաշինգտոնում ընդգծել են, որ զինվորները սպառնացել են կոալիցիայի և նրա գործընկերների ուժերին, որոնք գտնվել Աթ-Տանֆ բազայում։

Մայիսի լույս 6-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են միջսիրիական բանակցությունների մասնակիցներ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Աստանայում մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը:

Սիրիայի տարածքում, ըստ պայմանավորվածության, 4 գոտի է ստեղծվել, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: