Շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով: Պրեմիեր լիգան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հեռացել են իրենց ակումբներից պայմանագրերի ավարտից հետո կամ դրանց խզման արդյունքում: Իբրահիմովիչը միակն է այդ ցուցակում «Մանչեսթեր Յունայթեդից»:
Իբրահիմովիչը կարող էր ևս 1 տարով երկարացնել պայմանագիրը, սակայն չակտիվացրեց պայմանագրի այդ կետը գարնանը, իսկ հետո ծանր վնասվածք ստացավ, որը թույլ կտա նրան մարզադաշտ վերադառնալ միայն 2018-ին:
Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից 2016-ի ամռանը: Անցած խաղաշրջանում նա 28 գոլի հեղինակ է դարձել 46 խաղի մասնակցելով և դառնալով անգլիական թիմի լավագույն ռմբարկուն:
Պայմանագրի ավարտը չի նշանակում, որ Իբրահիմովչը պարտադիր պետք է լքի թիմը: Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ակումբը պատրաստ է վերականգնվելու հնարավորություն տալ ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում:
Ավելի վաղ Լուի վան Գալը նման հնարավորություն էր տվել դարպասապահ Վիկտոր Վալդեսին, երբ նա վերականգնվում էր վնասվածքից հետո և մնացել էր առանց ակումբի: Նրա ապաքինվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց Վալդեսի հետ: