ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունի:
Լրագրողի հարցին, թե ինչ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Շատ լավ, աշխատանքային, հարգալից, գործնական», մեջբերում է Panorama.am-ը:
Դիտարկմանը, թե իր հրաժարականի մասին լուրերն ինչու ծագեցին, վարչապետը նշել է, որ չի կարող ասել, թե ինչի համար են տարածել իր հրաժարականի մասին լուրերը:
Ավելի վաղ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որՎարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: «Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-ասել է ՀՀ նախագահը: