Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցումը: Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հաղորդմամբ, ըստ վիճակագրական տվյալների, տարեցտարի այս ծրագիրն իր դրական ազդեցությունն է ունենում:
Աղբյուրը նշում է, որ Արցախի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է նաև երկրում իրականացվող շինարարությամբ: Կարևոր է շինարարության յուրաքանչյուր ճյուղ: Քաղաքաշինության նախարարության բազմաթիվ ծրագրերի կողքին բնակարանների կառուցումը ռազմավարություն կարելի է համարել: Բնակարանաշինությունը նպաստում է նաև երկրի ժողովրդագրության աճին:
Այս պահի դրությամբ, Ասկերանի շրջանում 4 առանձնատան կառուցման աշխատանքներ արդեն ընթացքի մեջ են. ծրագրով նախատեսված է կառուցել ևս 8-ը:
Մարտակերտի շրջանում ընթացքում է 11, ծրագրով` պետք է կառուցվի ևս 10 առանձնատուն:
Մարտունու շրջանում շարունակվում է 5-ի, նախատեսված է ևս 4-ի կառուցումը:
Հադրութում շարունակվում 5-ի, ևս 2-ի շինարարությունը կսկսվի առաջիկայում:
Շուշիի շրջանում առայժմ նախատեսված է 1 բնակարանի կառուցում:
Շահումյանի շրջանում ընթացիկ փուլում է 6-ի կառուցումը, նախատեսված է ևս մեկը:
Քաշաթաղում` կառուցման փուլում է 12, պետական ծրագրով նախատեսված է կառուցել ևս 10 առանձնատուն:
Դրան զուգահեռ, պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում` բազմազավակ ընտանիքներին:
Բնակարանաշինության պետական ծրագրի կողքին կյանքի է կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը: Ներկայումս 16 տուն արդեն հանձնվել է շահառուներին, 15-ը կառուցման փուլում են:
Աղբյուրը նշում է, որ բարեգործական հիմունքներով ու Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ բնակարանաշինության հաջողված ծրագրեր են իրականացվել Աղավնո (Արիավան) բնակավայրում, Նոր Կիլիկիա թաղամասում և Իշխանաձոր համայնքում:
Չնայած ապրիլյան պատերազմին, ԼՂՀ-ում 2016 թվականին գրանցվել է ավելի քան 9% տնտեսական աճ: