Հունիսի 14-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ:
Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել արյան կամավոր դոնորներին, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցի վրա: Այս տարի արյան դոնորի միջազգային օրվա կարգախոսն է՝ «Մի սպասեք արհավիրքի: Ինչ կարող ենք անել՝ հանձնե՛ք արյուն, հանձնե՛ք հիմա, հանձնե՛ք հաճախակի»:
Օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել և արյուն են հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և լրագրողներ:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը և Կարեն Ավագյանն արյան կամավոր դոնորության գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգևատրվել են «Արյան դոնոր» պատվավոր կրծքանշանով:
Հանձնելով պարգևները՝ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարևորել է միջոցառման անցկացումը խորհրդարանում և կոչ արել արյունատվության գործում ցուցաբերել ակտիվություն: