27 հուլիսի 2017 - 10:25 AMT
Պուտինը վավերացրել է ՌԴ ու ՀՀ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը:

«Վավերացնել Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 30-ին»,- ասվում է փաստաթղթում։

Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Նշվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:

Հայ-ռուսական զորքերի միացյալ զորախումբը խաղաղ ժամանակ ենթարկվում է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբին, իսկ պատերազմական իրավիճակում կարող է ենթարկվել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։

«Միացյալ խմբավորման հրամանատարը խաղաղ ժամանակ ենթարկվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին, իսկ անմիջական ագրեսիայի կամ պատերազմի ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին: Այս որոշումը կկայացվի երկու երկների գերագույն գլխավոր հրամանատարների կողմից` համատեղ», - ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

Համաձայնագրով սահմանվում է նաև, որ խմբավորման ղեկավարման համար ստեղծվում է համատեղ հրամանատարություն, հրամանատարը նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից` համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

Հունիսի 27-ին Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորքերի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում:Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ: