Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իտալիայի Կարմիր խաչի պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Լեոնարդո Կարմենատիի գլխավորությամբ, և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Իտալիայի Կարմիր խաչի ընկերության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև գործակցության հնարավորությունները, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
Նաև քննարկվել են քաղաքացիական պաշտպանության, առաջին բժշկական օգնության և հոգեբանական օգնության կազմակերպման հարցում իտալական կողմի հետ փորձի փոխանակման և համապատասխան դասընթացների ու վերապատրաստումների կազմակերպման ուղիները:
Կողմերը խոսել են փորձագետների աշխատանքների արդյունքների, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև՝ սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության և մեթոդների մշակման ոլորտում գործակցության հնարավորության մասին:
Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի սերտ գործակցությունը կարող է բարենպաստ հիմք հանդիսանալ այս ոլորտում նաև հայ-իտալական երկկողմանի գործակցության համար:
ԱԻ նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հուլիսի 28-ին ՀՀ Կոտայքի մարզում գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ տակտիկական ուսումնավարժությանը: