ԱՄՆ-ում գիտահետազոտական ինստիտուտ է բացվել, որը կմասնագիտանա արհեստական հյուսվածքների և օրգանների ստեղծման ոլորտում՝ հետագա փոխպատվաստման նպատակով:
Ինստիտուտը բացվել է հուլիսի 28-ին Մանչեսթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել են ինստիտուտի ներկայացուցիչները, առաջնայնությունների թվում են բջիջների աճեցումը, ինչպես նաև հատուկ նյութերի արտադրությունը կենսաբանական ինժեներիայի մեթոդներով: Փոխպատվաստման առաջին թեկնածուները կլինեն ամերիկացի վետերանները:
Ինստիտուտը գլխավորում է ԱՄՆ-ում հայտնի գյուտարար Դին Քեյմենը: Նա հաշմանդամի սայլակ է մշակել, որը թույլ է տալիս բարձրանալ և իջնել աստիճաններով և տեղաշարժվել խճաքարի կամ ավազի վրայով:
Ինստիտուտի բացմանը Քեյմենը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին մասնագետները կկարողանան արհեստական մաշկ, ոսկորներ, նյարդեր ու օրգաններ մշակել: Նա շեշտել է, որ գլխավոր խնդիրն այն է, որ այդ տեխնոլոգիաների կիրառումը մատչելի լինի:
2015-ի հուլիսին Ֆիլադելֆիայում ամերիկյան վիրաբույժներին հաջողվեց փոխպատվաստել 8-ամյա Զիոն Հարվիի դաստակները: