Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեայում հերթական անգամ բալիստիկ հրթիռ են գործարկել: Այն իրականացվել է Փհենյանի շրջանից:
Ըստ ճապոնական NHK հեռուստաալիքի, հրթիռն արձակվել է Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ, և անցնելով Ճապոնիայի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց մոտ 2000 կմ հեռավորության վրա: Այդ մասին արտահերթ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
Ճապոնիայի իշխանությունները հրթիռի արձակման կապակցությամբ շտապ զգուշացում են տարածել երկրի հյուսիս-արևելյան շրջանների բնակիչների համար: Հրթիռի անկումից տուժածներ չկան, գրում է Deutsche Welle-ն հարավկորեական Yonhap գործակալության վրա հղումով:
Սա արդեն 6-րդ անգամն է, ինչ ՀԿԺՀ-ն հրթիռ է արձակում Ճապոնիայի տարածքի վրայով և առաջին ագամն է Փհենյանի դեմ ՄԱԿ ԱԽ նոր պատժամիջոցներից հետո:
Ըստ Reuters գործակալության, ՄԱԿ ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հրթիռային քաղաքականությունը հերթական անգամ կքննարկի սեպտեմբերի 15-ի նիստում, որը կգումարվի ԱՄՆ և Ճապոնիայի նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի սկզբին Փհենյանը հայտարարեց ջրածնային մարտագլխիկի հաջող փորձարկման համար, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար: