11 հոկտեմբերի 2017 - 15:22 AMT
Կենսաբաններին հաջողվել է մարդկային աղիք աճեցնել առնետի որովայնում

Մասաչուսեթսի հիվանդանոցի կենսաբաններին հաջողվել է առնետի մարմնի ներսում մարդու աղիքի հատվածներ աճեցնել, որոնք ֆունկցիոնալ են՝ ներծծում են սննդարար նյութերն ու փոխանցում արյան մեջ:

Աշխատությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Նոր աշխատության հեղինակներն օգտագործել են արհեստական օրգաններ ստեղծելու համար տարածված մոտեցումը: Նրանք վերցրել են առնետի բարակ աղիքի 4 սմ նմուշն ու հեռացրել են բջիջները՝ թողնելով միայն միջբջջային մատրիքսը: Այն օգտագործվել է որպես սքաֆոլդ՝ եռաչափ միջավայր բջիջների աճեցման համար, որը բնակեցվել է մարդկային բջիջներով, գրում է N+1-ը:

Քանի որ աղիքի հատվածի ստեղծման համար հարկավոր էր աճեցնել նաև անոթների հյուսվածքներ, գիտնականները բջիջների երկու տեսակ են օգտագործել: Աղիքի հատվածի փորձարկումը հեղինակները սկսել են դրա աշխատունակության ստուգումից ex vivo, այսինքն կենդանի օրգանիզմից դուրս: Արդյունքը համեմատել են աղիքի նմուշների հետ, որոնք ստացվել են նոր սատկած առնետից: Պարզվել է, որ գլյուկոզայի փոխանցման մակարդակն արյան մեջ կազմում է 54 տոկոս աղիքի նմուշի սովորական արդյունքից, իսկ ճարպաթթուներից ընդհանրապես չի տարբերվում:

Երկրորդ փուլում հետազոտությունն անցկացվել է in vivo ՝ ստացված հատվածը փոխպատվաստել են առնետին, և ներարկել են գլյուկոզա պարունակող սննդանյութ: Դրանից հետո գլյուկոզայի մակարադակը առնետի արյան մեջ բարձրացել է, ինչը վկայում է կենդանի օրգանիզմի պայմաններում փոխպատվաստման հաջողության մասին:

Ինչպես ասել է հետազոտության ղեկավար Հարոլդ Օտտը, հաջորդ քայլը կլինի այդպիսի փոխպատվաստուկների չափերի մեծացումը մինչև մարդուն պիտանի չափերի: