Իրաքի բանակը 512 ռուսաստանցի և 200 ադրբեջանցի կանանց է ձերբակալել՝ «Իսլամական պետության» անդամ լինելու կասկածանքով: Այդ մասին հայտարարել է իրաքցի պատգամավոր Վիան Դահիլը:
«512 ռուսաստանցի կին է ձերբակալվել և 200 ադրբեջանցի՝ նրանք բանտ են ուղարկվել որպես ԻՊ անդամներ»,-գրել է խորհրդարանականն իր Twitter-ում:
Չի նշվում, թե որտեղ են ձերբակալվել կանայք և որ ժամանակահատվածի տվյալների մասին է խոսքը:
Աղբյուրն Իրաքի պաշտպանության նախարարությունում իր հերթին հայտարարել է, որ 512 ռուսաստանցի կանանց ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ձերբակալվածներ կան, բայց նրանք անհամեմատ քիչ են և տարբեր ազգությունների կանայք են»,-ասել է աղբյուրը:
Ըստ նրա, Մոսուլի համար ճակատամարտում Իրաքի բանակին չհանձնված ԻՊ անդամները սպանվել են ավիահարվածների ընթացքում: Մոսուլն ազատագրվել է 2017-ի հուլիսին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում գործող «Ջեբահթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման կազմում բազում ադրբեջանցիներ կան: Ավելին, ոմանք նաև դաշտային հրամանատարներ են: