25 նոյեմբերի 2017 - 12:22 AMT
Մոուրինյոն քննադատել է Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:

«Ինձ դուր չեկավ Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 4-5: Նա լավ սկսեց խաղաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ սկսեց նահանջել: Նրա ելույթների մակարդակը գնալով վատացավ գոլերի, արդյունավետ փոխանցումների, բարձր ճնշման, մրցակցից գնդակը խլելու և այն օգուտի տեսակետից, որը պետք է թիմին բերի 10 համարի տակ խաղացող ֆուտբոլիստը: Դա բավարար էր այլ ֆուտբոլիստներին շանս տալու համար: Յուրաքանչյուրն արժանի է շանսի՝ ամեն ինչ պարզ է»,-ասել է Մոուրինյոն, գրում է Championat.com-ը ESPN FC-ի վրա հղումով:

ՄՅՈւ կազմում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի Անգլիայի և Չեմպիոնների լիգայի առաջնություններում՝ 2 գոլ խփելով և 5 արդյունավետ փոխանցում կատարելով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրվում է Մխիթարյանին ձեռք բերելու հեռանկարով: