12 դեկտեմբերի 2017 - 17:57 AMT
ՄԻԵԴ. Ադրբեջանը և ՀՀ-ն կփոխհատուցեն Սարգսյանի և Չիրագովների գործերով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, 17 դատավորի մասնակցությամբ, դեկտեմբերի 12-ին հրապարակել է դատավճիռները «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով:

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին 3 ամսվա ընթացքում 5000 եվրո փոխհատուցում վճարել նյութական և ոչ նյութական վնասի համար, ինչպես նաև 30.000 եվրո՝ դատական ծախսերի համար:

«Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին 3 ամսվա ընթացքում 6 հայցվորներից յուրաքանչյուրին 5000-ական եվրո փոխհատուցում վճարել նյութական և ոչ նյութական վնասի համար, ինչպես նաև 28.642 ֆունտ ստեռլինգ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015թ․-ի հունիսին։

Վերջում դատարանն ընդգծել է ՀՀ և Ադրբեջանի պատասխանատվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ դատավճիռները հրապարակվել էին դեռևս 2015-ի հունիսի 16-ին, սակայն չէր որոշված փոխհատուցումների չափը: