19 դեկտեմբերի 2017 - 15:23 AMT
ՌԴ ԱԴԾ. ԱՊՀ երկրների դեսպանատների վրա ահաբեկչական հարձակումներ են կանխվել

ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ահաբեկչական հարձակումներ են կանխվել: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Ալեքսանդր Բորտնիկովը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող մոտ 300 անձ, նրանցից 218-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

«Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարները դրդում են իրենց կողմնակիցներին, այսպես կոչված, ինքնավար ջիհադ իրականացնել», - ԱՊՀ անդամ երկրներին նախազգուշացրել է Բորտնիկովը:

Նրա խոսքով՝ ահաբեկիչների հիմնական կենտրոն է դառնում Աֆղանստանը, որտեղ արդեն գոյություն ունեն «Իսլամական պետության» հենակետեր և որտեղից նրանք հնարավորություն են ունենում ներթափանցել ԱՊՀ երկրների տարածք: