8 հունվարի 2018 - 13:35 AMT
ՀՀ-ով Իրանից Վրաստան գազի արտահանումը մնում է օրակարգում

Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան բնական գազի մատակարարման պայմանագրի կնքումը շարունակում է մնալ օրակարգում: Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարարի գազի հարցերով տեղակալ Համիդրեզա Արաքին:

Նա ասել է, որ Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս երկրին գազ արտահանել բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Վրաստան:

«Այս երկիր գազի արտահանման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն, խելամիտ սակագների սահմանում, ինչպես նաև համաձայնություն Հայաստանի կառավարության հետ ՝ երկրի տարածքով գազը Վրաստան հասցնելու համար», - ասել է Արաքին:

Նրա խոսքով, եթե Հայաստանն ու Իրանը գան համաձայնության, մասնավոր հատվածը կարող է գազ գնել Իրանից և սկսել դրա մատակարարումը դեպի Վրաստան:

2017 թվականին Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելացնել «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակում ՀՀ ներմուծվող բնական գազի ծավալները:

Ավելի վաղ Իրանական գազի արտահանման ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին ասել էր, որ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման համար երրորդ ցանցն է կառուցվում: Նոր էլեկտրական ցանցը շահագործման կհանձնվի 2019 թվականին: