Հայաստանում 2015-2016 թվականներին 1-14 տարեկան յուրաքանչյուր 10 երեխայից 7-ը հոգեբանական կամ ֆիզիկական պատժի է ենթարկվել:
Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2015-16 թթ հետազոտության համաձայն՝ 1-2 տարեկան երեխաների 50%-ի, 3-4 տարեկան երախաների 74,7%-ի, 5-9 տարեկանների՝ 74,9 %-ի, և 10-14 տարեկանների՝ 67,7%-ի նկատմամբ ծնողների կամ խնամակալների կողմից դաստիարակության որևէ բռնի մեթոդ է կիրառվել:
Ըստ հետազոտության, բռնի մեթոդ է համարվում երեխային թափահարելը, գոռալը նրա վրա, հետույքին, դեմքին կամ մարմնի այլ մասին ձեռքով, գոտով, սանրով, փայտով կամ այլ կոշտ առարկայով հարվածելը, վիրավորական արտահայտություն օգտագործելը, ծեծելը՝ անընդհատ ողջ ուժով հարվածներ հասցնելով:
Հոգեբանական ագրեսիա է դրսևորվել 1-2 տարեկանների 41%-ի, 3-4 տարեկանների՝ մոտ 68%-ի, 5-9 տարեկանների` 41%-ի, և 10-14 տարեկանների՝ 30%-ի նկատմամբ:
Դաստիարակության ոչ բռնի մեթոդներ կիրառվել են նշված տարիքային խմբերի՝ համապատասխանաբար 12%-ի, 15%-ի, 17%-ի և մոտ 24%-ի նկատմամբ: