12 փետրվարի 2018 - 17:05 AMT
Հարցում. «Խնամի-ծանոթ-բարեկամի» դերը կարևոր է լավ աշխատանք գտնելու համար

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» հիմնադրամի՝ լավ աշխատանք գտնելուն նպաստող գործոնների մասին հարցմանը մասնակցած հայաստանցիների և վրաստանցիների 32%-ի համար «խնամի-ծանոթ-բարեկամի» գործոնը ամենակարևորն է:

Հետազոտության համաձայն՝ թերի բարձրագույն և բարձրագույն կրթություն ունեցող հայաստանցիների 39%-ի համար բարեկամական և ընկերական կապերը լավ աշխատանք գտնելու հարցում ամենակարևոր գործոնն են:

Մինչդեռ միջնակարգ կրթություն ունեցողների ընդամենը 27%-ի համար է նշված գործոնն ամենակարևորը:

Հարցմանը մասնակցած վրաստանցիների մոտ կեսը անձնական որակները նշել է որպես լավ աշխատանք գտնելու հիմնական գործոններից մեկը: Մինչդեռ Հայաստանում այս գործոնը շեշտել է հարցվածների մեկ երրորդը: