Ճանապարհային ոստիկանությունը փետրվարի 15-ից սկսել է խիստ միջոցներ ձեռնարկել կարգազանց հետիոտնի նկատմամբ:
Այսուհետ ՃՈ-ն կտուգանի այն հետիոտներին, ովքեր փողոցը կանցնեն չսահմանված վայրով: 3000 դրամի տուգանք է սպառնում այն անձանց, ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար գծանշված վայրով, բայց կարմիր լույսի տակ, իսկ 5000 դրամով՝ ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար չնախատեսված վայրով, գրում է «Հետքը»:
Այս խստացման պատճառը, ինչպես «Հետքին» հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, մտահոգիչ վիճակագրությունն է՝ չեն նվազում հետիոտնի կարգազանցության պատճառով տեղի ունեցած վրաերթերն ու մահերը:
2009 թվականի աշնանը ճանապարհային ոստիկանությունը սկսեց արձանագրություններ կազմել փողոցները սխալ հատվածում հատող հետիոտների նկատմամբ` երեք հազարական դրամ նրանց տուգանելով: Մի քանի շաբաթվա ընթացքում, ըստ ոստիկանության, տուգանվեց մի քանի հազար մարդ: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը դադարեց կատարել իր այդ գործառույթը կամ սկսեց խիստ հազվադեպ կիրառել այն, ու փողոցներում իրավիճակը կրկին վերադարձավ նախկին վիճակի:
Ի դեպ, գոյություն ունի նաև մայթերով տեղաշարժվելու կարգը խախտելու համար հետիոտների համար նախատեսված տուգանք: Ինչ է հաստատում այդ կարգը ու տուգանվել է արդյոք երբևիցե գեթ մի մայթով քայլող հետիոտն, հայտնի չէ:
Ընթերցեք նաև.Որոշել, մոռանալ, հիշել ու կրկին մոռանալ