27 փետրվարի 2018 - 12:18 AMT
Ավտոմեքենաների մաքսազերծման առցանց հաշվիչ կգործարկվի

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կայքում առաջիկայում հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ: Shantnews.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը։

Ըստ նրա՝ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացը ներկայումս տևում է միջինը 20 րոպե:

«Մաքսային մարմնի կայքէջում արդեն տեղադրվել են գրեթե բոլոր նոր ավտոմեքենաների գները, և հատուկ բանաձևի միջոցով հաշվարկվում են նաև տարբեր տարեթվերի ավտոմեքենաների գները: Շատ մոտ ապագայում հասանելի կլինի նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը», - ասել է ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով, որ հետագայում հնարավոր կլինի նաև մաքսային վճարների հաշվարկն ավտոմատ կատարել:

Նրա խոսքով, 2018-ին նախատեսվում է ամբողջությամբ էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ: