Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) վերականգնել է ՌԴ Օլիմպիական կոմիտեի իրավունքները կազմակերպությունում: Այդ մասին ՌԲԿ-ին է հայտնել ՌԴ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Շամիլ Տարպիշչևը:
«Մեր մարզիկների բոլոր ստուգումները ցույց տվեցին, որ նրանք «մաքուր են»: Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի իրավունքների վերականգնումը կատարվել է ինքնաբերաբար, ՄՕԿ-ը չունի ոչ մի առարկություն»,-ասել է Տարպիշչևը:
ՌԴ Քյորլինգի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Անդրեյ Սոզինը նույնպես հաստատել է, որ ՄՕԿ-ը վերականգնել է ՌԴ անդամակցությունը կազմակերպությունում: «Ես երկու ձեռքով կողմ եմ: Վատ խաղաղությունը լավ պատերազմից գերադասելի է: Ես կցանկանայի, որ դոպինգի հետ կապված այդ ամբողջ պատմությունը փակվեր, առավել ևս, որ մենք կատարել ենք բոլոր պարտավորությունները: Պետք է առաջ շարժվել»,-ասել է նա:
2017-ի դեկտեմբերին ՄՕԿ-ը զրկեց ՌԴ Օլիմպիական կոմիտեին և թույլ չտվեց հավաքականի մասնակցությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերին: Արդյունքում խթանիչներ չօգտագործող ՌԴ մարզիկները ստիպված եղան հանդես գալ չեզոք դրոշի ներքո: