Բաքուն և Երևանը ղարաբաղյան հակամարտության շուրջ ինտենսիվ բանակցությունները կշարունակեն Ադրբեջանում և Հայաստանում նոր կառավարությունների ձևավորումից հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մարոկկոյի ԱԳՆ ղեկավար Նասեր Բուրիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«2018-ի սկզբին նախագահական ընտրություններ են անցկացվելու ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Եվ մենք համաձայնության ենք եկել առավել ինտենսիվ շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանում և Հայաստանում նոր կառավարությունների ձևավորման ավարտից հետո»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը:
Ըստ ադրբեջանցի նախարարի, այժմ քննարկվում է բանակցությունների շարունակման տեղի և ժամկետի հարցը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել տարածաշրջանային այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։ Համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում: Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից: