Երևանում մարտի 6-ին մեկնարկած «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի նիստում հաստատվելու է 2016-2026 թվականների Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Նախատեսվում է հաստատել նաև 5-ամյա ժամկետի համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը:
Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհտի Աշրաֆին ասել է, որ Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում և կամուրջ է դեպի տարբեր աշխարհամասեր։
«Մեզ համար գործակցությունը Հայաստանի հետ շատ կարևոր նշանակություն ունի։ Պատրաստ ենք ընդլայնել այն. այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ունենք»,- հավելել է Մեհտի Աշրաֆին:
Երևանում մարտի 6-ին մեկնարկել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի` «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի հերթական`13-րդ նիստը։
Միջոցառմանը մասնակցելու համար Երևան են ժամանել «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից 12 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում՝ Իրանից, Վրաստանից, Ադրբեջանից), ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։