Քրդական ջոկատների մարտիկները Աֆրինի մատույցներում մարտի 9-ին հետ են մղել Սիրիայի ազատ բանակի գրոհը, որին սատարում էին թուրքական հրետանին ու զրահատեխնիկան: Քրդերի ինքնապաշտպանական ուժերն, ըստ ANF գործակալության, շարքից հանել են հակառակորդի մի քանի միավոր զրահատեխնիկա:
Ըստ ԶԼՄ-ի, Սիրիայի ազատ բանակի գրոհայիններն ու թուրքական զորքերը, որոնք գրոհում էին քրդական դիրքերը, 24 ժամում 313 զոհ են տվել՝ այդ թվում կորցնելով մի քանի դաշտային հրամանատարի և սպաների:
Հալեպից դեպի արևմուտք գտնվող քրդական տարածաշրջանի վարչական կենտրոնի պաշտպանությունը շարունակվում է արդեն 49 օր: Քրդերի կողմից են կռվում նաև Հալեպից օգնության հասած աշխարհազորի ջոկատները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ:
Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: