22 մարտի 2018 - 13:34 AMT
«Այբը» հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին

«Այբ» դպրոցի շենքը հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին, որը շնորհվում է կրթության ոլորտում լավագույն ճարտարապետական նախագծի համար:

Martela EdDesign Award ճարտարապետական մրցույթի կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների կարճ ցուցակը:

«Լավագույն դպրոց» անվանակարգում մրցանակին հավակնում է 5 հանրակրթական հաստատություն, այդ թվում «Այբ» նորարարական դպրոցի նոր մասնաշենքը, որը բացվել է 2017-ի հոկտեմբերին: Նախագծի հեղինակն է «Ստորակետ» ստուդիան:

Հավակնորդների թվում են նաև Մոսկվայի թիվ 548 դպրոցի ինժեներական կորպուսը, Լատվիայի Պինկի բնակավայրում գտնվող միջազգային Exupery ուսումնական հաստատությունը, Կազանի միջազգային դպրոցն ու Մոսկվայի «Խորոշկոլա» ուսումնական կենտրոնը, հայտնում է eddesignaward.com-ը:

Հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում՝ ամփոփիչ խորհրդաժողովի ժամանակ:

Նախագծերը գնահատող կոմիտեի կազմում են կրթության ոլորտի ճարտարապետներ ու փորձագետներ, որոնք ուսումնասիրել են երկար ցանկում ընդգրկված բոլոր օբյեկտներն ու 40 պարամետր հաշվի առնող հարցաթերթիկ լրացրել: Կարճ ցուցակում ընդգրկված հավակնորդները կդիտարկվեն հեռավար Միջազգային փորձագիտական խորհրդի կողմից, որը լոււսանկարներից ու գծագրերից բացի հիմնվելու է ժյուրիի անդամների կազմած վերլուծական եզրակացության վրա:

«Այբ» դպրոցը հիմնվել է 2011-ին Երևանում: