
2018թ. հունվար-փետրվարին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 17.5 տոկոսով:
Ըստ Արցախի Ազգային վիճակագրական ծառայության, նշված ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին հիմնականում նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալների աճը, հայտնում է «Արցախպրեսը»։
2018-ի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 84.1 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 39.2 տոկոսով, իսկ շինարարության ծավալների աճը կազմել է 23.5 տոկոս: Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 10 միլիարդ 814 միլիոն դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1 միլիարդ 831 միլիոն դրամ, իսկ շինարարության ծավալները՝ 1 միլիարդ 130 միլիոն դրամ:
2018-ի տնտեսական ակտիվության աճի տեմպերի արագացումն Արցախում որոշիչ կլինի նաև տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի հարցում, ինչը թույլ կտա խոսել երկրի տնտեսական զարգացման լուրջ հեռանկարների մասին: