27 մարտի 2018 - 15:15 AMT
Ապրիլի 1-ից մարզերում հաց տեղափոխող մեքենաները պետք է սանիտարական անձնագիր ունենան

2018 թվականի ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաստատված ժամանակացույցի, 2017 թվականի սեպտեմբերի 1-ից, նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող հաց-հացամթերքի մատակարարման, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների, իսկ նոյեմբերից 1-ից՝ նաև Երևանի իրացման ցանցերի համար:

Նշվում է, որ սանիտարական անձնագիր ունենալու պահանջը մսի տեղափոխման դեպքում կգործի սպանդանոցային մորթի անցնելու փուլերին համապատասխան, որի մասին կտրվի լրացուցիչ ծանուցում և տեղեկատվություն: