Բելառուսում մտադիր են հայրերի համար երեխայի խնամքի 14-օրյա արձակուրդ սահմանել, որը գործատուն պարտավոր է տրամադրել: Այդ մասին հայտարարել է Բելառուսի խորհրդարանի աշխատանքի և սոցիալական հարցերի ստորին պալատի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լևշունովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նախկինում Բելառուսում քննարկում էին չվճարվող նմանատիպ 28-օրյա արձակուրդ տրամադրելու հարցը:
«Փոփոխությունները Բելառուսի աշխատանքային օրենսգրքում, որոնք խորհրդարանը քննարկելու է առաջին ընթերցմամբ, ենթադրում են, որ ընտանիքում երեխա ծնվելու դեպքում գործատուն պարտավոր կլինի հոր ցանկության դեպքում նրան չվճարվող արձակուրդ տրամադրել: Արձակուրդը չի կարող գերազանցել 14 օրը»,-ասել է Լևշունովը:
Երկշաբաթյա արձակուրդը կտրամադրվի երեխայի ծննդյան օրից 6 ամսվա ընթացքում:
Ըստ գործող օրենքի, Բելառուսում հայրն իրավունք ունի դեկրետ գնալ մինչև երեխայի 3 տարին լրանալը: Սակայն, այդ արձակուրդը վճարովի է և կարող է ձևակերպվել միայն այն դեպքում, եթե մայրը նմանատիպ արձակուրդ չի վերցրել և ժամանակից շուտ է աշխատանքի դուրս եկել: