ՆԱՍԱ-ի մասնագետները մտադիր են հետախույզ ռոբոտներ ուղարկել Մարս, որոնք թևեր կունենան: Ռոբոտներն անվանել են «մարսյան մեղուներ» և նախատեսված են դրանք մթնոլորտային ճնշման վերաբերյալ տվյալների ստացման և ռեգոլիտի նմուշառման համար:
«Մարսյան մեղուների»՝ flapping wing aerospace architectures-ի մշակողները կարծում են, որ ռոբոտները գործելու են խմբերով և պարբերաբար վերադառնալու են շարժական բազա՝ մարսագնաց, գրում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով:
Այժմ մասնագետներն աշխատում են տեխնիկական պարամետրերի վրա: Մասնավորապես, նախատեսվում է օգտագործել վակուումային խցիկ՝ ուսումնասիրելու համար թռչող ռոբոտների աերոդինամիկան Մարսի մթնոլորտի պայմաններում:
Մասնագետները մտադիր են նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի ծախսերը: Բացի այդ, եթե ռոբոտներից մեկն ընկնի, մյուս «մեղուները» կկարողանան բարձրացնել նրան ու հասցնել բազա: