Ցեղասպանությունը փոխեց հայ ժողովրդի ճակատագիրը և ստիպեց բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ տեսնել հետագայում՝ մենք, սակայն, մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք և մեր մեջ ուժ գտանք վերածնվելու, անկախ պետություն ստեղծելու և ինքնուրույն տնօրինելու մեր ճակատագիրը: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է. «Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի բոլոր հատվածների համար:
Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում: Երեկ ես կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել այս օրը: Ես շնորհակալ եմ, որ այդ կոչն ընդունվեց, և այսօր մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած առկա դժվարություններին ու չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված: Սա մեր պարտք է նաև անմեղ նահատակների առջև»,-ասված է ուղերձում:
Կարապետյանը նշել է, որ հայ ժողովուրդը վերահաստատում է իր վճռականությունը՝ կերտելու ամուր պետականություն, ազատ ու քաղաքակիրթ հասարակություն: «Մեզ ոչինչ չի կարող շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից»,-ասվում է ուղերձում։
Սերժ Սարգսյանը ժոովրդական ընդվզման 11-րդ օրը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից: Կարեն Կարապետյանի առաջարկով ապրիլի 24-ը հայտարարվել է ապաքաղաքական օր: