Ազգային ժողովում ընթանում է օրենքի ուժով հրավիրված հատուկ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ վարչապետի ընտրությունը: Առաջադրված է միայն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Իր ելույթում խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ:
«Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ անդամ՝ ավելի ամուր դարձնելով գործակցությունը: ՌԴ հետ հարաբերությունների զարգացումը մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է: ՌԴ հետ ռազմական գործակցությունը դիտարկում ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն», - ասել է Փաշինյանը:
Նա հավելել է նաև, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵՏՄ անդամ, իսկ նոր կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերն այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
Իր ելույթը Փաշինյանը սկսեց Շուշիի ազատագրման տարեդարձը շնորհավորելով՝ նշելով, որ Հայաստանի «թավշյա» հեղափոխության հաղթանակն էլ պետք է արձանագրվի հենց այսօր:
Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։