11 մայիսի 2018 - 10:11 AMT
Հարցում. Ռուսաստանցիների մոտ 50%-ը կարծում է՝ ՀՀ դեպքերի կրկնությունը ՌԴ-ում անհնար է

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների կեսից ավելին հետևում է հայաստանյան իրադարձություններին, այտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանցիների 78%-ը (իրադարձություններով հետաքրքրվողների խմբում, բոլոր հարցվածների՝ մոտ 48 տոկոսը) կարծում է, որ ՀՀ իրադարձությունների կրկնությունը ՌԴ-ում անհնար է, իսկ 15 տոկոսը դա հնարավոր է համարում՝ այս խմբին են հարում հիմնականում երիտասարդները, 18-24 տարեկանները:

Ինչպես վկայում են հարցման արդյունքները, Հայաստանում ստեղծված իրավիճակով հետաքրքրվում է հարցվածների 50 տոկոսը, սակայն ուշադիր հետևում է միայն 9 տոկոսը, մինչդեռ մյուսները՝ ժամանակ առ ժամանակ: Հարցման մասնակիցների 40 տոկոսը հայտնել է, որ չի հետաքրքրվում այդ թեմայով:

Հարցման մասնակիցների 28 տոկոսը հայաստանյան իրադարձությունները բնութագրել է որպես թավշյա հեղափոխություն, 14 տոկոսը՝ որպես զանգվածային հուզումներ, բողոքի ակցիաներ, կապված Սարգսյանի ընտրության հետ, 10 տոկոսը՝ որպես պետության ղեկավարի նոր ընտրություններ, իսկ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հարցման մասնակիցների 28 տոկոսը կարծում է, որ այս իրադարձությունների հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները կվատթարանան, 20 տոկոսը՝ որ կբարելավվեն, իսկ 27 տոկոսը կարծում է, որ ոչ մի կերպ չեն ազդի:

Հարցումն անցկացվել է 2018-ի մայիսի 7-8-ին 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիների շրջանում: Հարցմանը մասնակցել է 2000 մարդ: