
Բաղրամյան պողոտայում մայիսի 10-ին բողոքի ակցիաների մասնակիցների վրա հարձակված անձը՝ 1973 թվականին ծնված Ժորա Ռ.-ն, բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նա Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել, 1999 թվականին ծնված Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, և ձեռքով հարվածել է նրան, ապա բռունցքով հարվածել 1993 թվականին ծնված Էդգար Վ.-ի դեմքին, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն:
Ավելի վաղ, Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` պարզելու՝ ինչ գործողություններ են իրականացվել մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում երկու քաղաքացու ծեծի ենթարկած վարորդի նկատմամբ։
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն«Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է, որ անմիջապես կզբաղվի այդ հարցով։