17 մայիսի 2018 - 11:30 AMT
Սբ Հռիփսիմեի հիմնադրման 1400-ամյա հոբելյանի միջոցառումները կմեկնարկեն մայիսի 28-ին

2018-ին լրանում է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը: Ստեղծվել է հոբելյանական միջոցառումների կազմակերպման հատուկ հանձնախումբ` նախագահությամբ արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի, որը տարվա ընթացքում ծրագրել է հոյակերտ տաճարի հոբելյանին նվիրված տարբեր ձեռնարկներ:

Միջոցառումների մեկնարկը կտրվի Ս. Հռիփսիմյանց հիշատակության օրը, որն այս տարի տոնախմբվելու է մայիսի 28-ին:

Տոնին` ժամը 10:00-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Նույն օրը`ժամը 11:00-ին, վանքում պատարագ կմատուցի եպիսկոպոս Արտակ Տիգրանյանը, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: Սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը և ներկա հավատավոր ժողովուրդը, հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը: