Իսրայելի ՌՕՈւ-ն հուլիսի 15-ին հրթիռային հարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին Հալեպի մոտ գտնվող Նեյրաբ օդանավակայանի շրջանում: Իսրայելի բանակի ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկատվությունը, գրում է Deutsche Welle-ն սիրիական պետական SANA գործակալության վրա հղումով:
Ինչպես հայտնում է գործակալությունը, հարվածի հետևանքով զոհեր և տուժածներ չեն եղել, ռազմական դիրքին նյութական վնաս է հասցվել:
Հուլիսի 12-ին Իսրայելի օդուժը մի քանի ավիահարված է հասցրել Դամասկոսի մատույցներին՝ դա արձագանք էր Սիրիայից ներթափանցած անօդաչու սարքին: Սակայն մինչ օրս իսրայելյան բանակը չի մասնակցել երկրի հյուսիսում ծավալվող գործողություններին: Իսրայելի իշխանությունները պնդում են, որ իրենք միջամտում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին միայն այն դեպքում, երբ անվտանգության սպառնալիք է լինում երկրին: