ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «կողմնակալ արդարադատություն» իրականացնելու մասին ՀՅԴ-ի՝ արտահայտած մտահոգությանը, նշել է, որ «ՀՀ կառավարության մաս կազմող այս քաղաքական ուժը պետք է շատ լավ իմանա, թե ինչպիսին են գործադիր և դատական իշխանությունների փոխհարաբերությունները»:
«Ով-ով, բայց ՀՅԴ-ն որպես կառավարության մասը կազմող ուժ, շատ լավ պետք է իմանա, թե արդյոք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե չկան: Հետևաբար, ինձ համար անհասկանալի է այս հայտարարության բովանդակությունը»,- ասել է Ավինյանը՝ հիշեցնելով, որ գործող իշխանությունները որևէ ճնշում չեն գործադրելու դատական իշխանության նկատմամբ:
Ավելի վաղ, ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները «թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն»:
ՀՅԴ-ից երեք պատգամավոր անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ստորագրել: