
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պարզաբանել է Բոստանջյանի հրաժարականի պատճառները՝ նշելով, որ պատգամավորի այդ քայլն ունի բացառապես անձնական պատճառ և պայմանավորված է առողջական վիճակով: