21 մայիսի 2008 - 16:12 AMT
Թուրք գիտնականներն ու քաղաքական գործիչներն ուղղակի վախենում են բացահայտ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը
Ըստ 1969թ. ընդունված Կիպրոսի Սահմանադրության, Կիպրոսի հայ համայնքը ազգային փոքրամասնություն է, որն իր տեղն ունի երկրի խորհրդարանում եւ կառավարության մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net- ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հակոբ Մանուկյանը: Նրա խոսքերով, Մարիուս Գարոյանի ընտրությունը Կիպրոսի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ավելի ամրապնդեց հայ համայնքի դերը Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքում: «Խոսնակը երկրորդ մարդն է նախագահից հետո եւ մենք հպարտ ենք նրանով, որ դա հայ համայնքի ներկայացուցիչն է: Ընդգծեմ, որ Գարոյանը չի թաքցնում իր հայկական ծագումը, սակայն միեւնույն ժամանակ մենք բոլորս Կիպրոսի քաղաքացիներ ենք եւ աշխատում ենք ի բարօրություն կղզու»,-նշել է Մանուկյանը:
Նա նաեւ հաղորդեց, որ Կիպրոսի Հայ դատի գրասենյակը անդամակցում է Եվրոպայի հայերի դաշնությանը (EFAJD): «Մենք համաձայնեցնում ենք մեր բոլոր քայլերը EFAJD ղեկավարության հետ: Ինչպես հայտնի է, Կիպրոսը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Կիպրոսի թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մենք հաճախ հայտարարություններ ենք լսում այն մասին, որ Թուրքիան իրոք մեղավոր է Հայոց ցեղասպանության համար: Սակայն դա ասվում է ոչ պաշտոնապես եւ, հավանաբար, ես կարծում եմ, որ թուրք գիտնականները եւ քաղաքական գործիչներն ուղղակի վախենում են բացահայտ ճանաչել այդ փաստը»,-ընդգծել է Հայ դատի գրասենյակի ղեկավարը: