ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան մինչև 2018-ի ավարտը քիչ հավանական է, ավելի շատ միտված է 2019 թվականին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Իրոք, քննարկվել է ՌԴ նախագահի Հայաստան այցելության կազմակերպման հնարավորությունը, սակայն, կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվում»,-ասել է Ուշակովը ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ղեկավարները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովում, այլ նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նստաշրջանում: Դա մեկ, և հետո Մոսկվայում նախատեսվում է ԵՏՄ գագաթնաժողով, ինչը ևս հնարավորություն կտա ղեկավարներին կարճ զրույց ունենալ: Հայաստան այցի վերաբերյալ հարցում որևէ ժամկետ դեռ չի քննարկվում...Կարծում եմ, որ այցի հարցում, հավանաբար, միտումը դեպի գալիք տարին է»,-ասել է Ուշակովը:
Նա հիշեցրել է նաև, որ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը բոլորովին վերջերս է եղել: «Նրանք արդեն 3 անգամ հանդիպել են, բավականին հանգամանալից քննարկումներ են եղել: Մասնավորապես, վերջին անգամ նրանք մոտ 3 ժամ են զրուցել, իրոք լավ և հանգամանալից խոսել են»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, կոնկրետ ժամկետներ դեռ չեն որոշվել:
Սեպտեմբերի 8-ին Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Պուտինը նշել է, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդյունավետ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հայ-ռուսական հարաբերություններում չկա ոչ մի խնդիր։