18 հունիսի 2008 - 15:37 AMT
Հունիսի 19-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կսկսի Հայաստանում նոր դեսպանի թեկնածության քննարկումը
Հունիսի 19-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կսկսի Հայաստանում նոր դեսպանի` Մարիա Յովանովիչի թեկնածության քննարկումը, որին առաջադրել է նախագահ Ջորջ Բուշը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA), առանձնակի ուշադրություն կդարձվի ապագա դեսպանի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարման հարցերում:

Նախկինում Ջորջ Բուշը դեսպանի պաշտոնի համար Սենատին առաջադրել էր Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որն արգելափակվեց սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Մենենդեսն արդեն իսկ հայտարարել է, որ եթե այս թեկնածուն եւս չճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա կրկին վետո կկիրառի, քանի որ Հայոց ցեղասպանությունը ժխտող դեսպանը չի կարողանա արժանի կերպով ներկայացնել ԱՄՆ-ն Հայաստանում: Երեւանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ արվեց 2006թ.` 1915 թվականի իրադարձությունները հրապարակայնորեն ցեղասպանություն անվանելու համար եւ արդեն 18 ամիս է, ինչ Հայաստանում Վաշինգտոնի դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակովր հավատարմատարը: