18 հունիսի 2008 - 20:15 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Խավյեր Սոլանան քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում
Հունիսի 18-ին Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար, Եվրոպական միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկեցին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը, Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Հայաստանում հետընտրական զարգացումները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների վճռականությունը շարունակելու երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումները:

Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Սոլանան դրական գնահատական տվեցին արդեն շուրջ մեկ տարի Հայաստանի կողմից ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով հայտարարություններին միանալու փորձին, տարբեր ձեւաչափերով քաղաքական երկխոսությանը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵՄ միասնական դիվանագիտության ղեկավարին տեղեկացրեց նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ներկա վիճակի մասին` Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Անդրադարձ եղավ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հետ կապված հարցերին:
Նույն օրը Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բելգիայի ԱԳ նախարար Կարել դե Գուխտի հետ: Զրույցի ընթացքում դրական գնահատվեց երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող համագործակցությունը:

Նախարար Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց Բելգիայի եւ Հայաստանի միջեւ հաստատված աշխույժ առեւտրական կապերի կապակցությամբ` նշելով որ այն ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու լուրջ ներուժ գոյություն ունի` հատկապես բարձր տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում:
Նշվեց քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու կարեւորության մասին: Արդյունավետ գնահատվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը, խոսվեց այդ համագործակցության առավել սերտացման հնարավորությունների մասին:

Զրուցակիցները քննարկեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանն առնչվող խնդիրները: