27 նոյեմբերի 2018 - 15:48 AMT
Փաշինյանը Շահնազարյանին ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչ է անվանել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Ստեփանավանում ընտրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի ԼՂ հարցի հետ կապված մեղադրանքներին, նրան ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչ է անվանել:

«Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ մենք եկել ենք իշխաբնության Արցախը Ադրբեջանին հանձնելու: Ես հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություն չեմ անի, քանի որ ոչ ՀՀԿ-ն, ոչ Շահնազարյանը որևէ էմոցիա չեն առաջացնում», - ասել է Փաշինյանը:

Նա ասել է, որ որևէ մեկը չի կարող Արցախի ժողովրդի կամքին, ինքնորոշման իրավունքին հակառակ լուծում տալ ԼՂ հակամարտությանը:

«Ես ՀՀ-ի առաջին ղեկավարն եմ, որ նման բան է ասում: Գործող կառավարությունը ԼՂ հարցն ուզում է լուծել այնպես, ինչպես ձեզնից յուրաքանչյւորը, եթե ՀՀԿ-ն մեզ մեղադրում է Արցախը հանձնելու մտադրության մեջ, ուրեմն մեղադրում է ժողովրդին», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Շահնազարյանը մի մարդ է, որը Սերժ Սարգսյանի հետ10 տարի Արցախը հանձնելու քաղաքականություն են վարել:

Փաշինյանն ասել է, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է ժառանգել:

«Ինչու այսքան տարի որևէ մեկը չի ասել, որ մեկ բակը ամենամարտունակն է տարածաշրջանում, որովհետև Սարգսյանը Ապրիլյան պատերազմին հայտարարեց, որ մեր բանակն ութսունականների զենքով է կռվում: Իսկ ինչու պետք է նրա եղբայրը միլիոններ ունենա, մեր բանակը՝ ոչ, ինչու պետք է Քոչարյանի ընտանիքը, Գագիկ Խաչատրյանի ընտանիքը միլիոններ ունենա, մեր բանակը՝ ոչ», - ասել է Փաշինյանը:

«Հայաստանին հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գործող իշխանությունն Արցախի համար «ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանն իր ամբողջ զինված ուժերով»: