14 դեկտեմբերի 2018 - 11:39 AMT
ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծայողի կողմից կնոջ սպանության դեպքը

Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել չքաղաքականացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից դեկտեմբերի 3-ին Գյումրիում կնոջը դաժանորեն ծեծելով սպանելու դեպքը, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Գյումրիի թաղամասերից մեկում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է կալանավորվել։

Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։